Նոր բացահայտումներ քննչական գործից…Զինվորները կոշիկներով ու բաճկոններով են եղել… նրանք մահացած են եղել նոր են բենզինը լցրել…

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված 19-ամյա Համլետ Դավթյանի հայրը չի հավատում պաշտոնական վարկածին, ըստ որի, հրդեհը բռնկվել է կապիտանի անզգուշության հետեւանքով, երբ նա 5 լիտրանոց բենզինով տարան լցրել է վառարանի մեջ։ 

«Ես կարծում եմ, որ երեխաներին սպանել են։ Միտումնավոր են արել։ Չգիտեմ՝ ինչու, ով կամ ովքեր, եթե իմանամ, իմ սեփական ձեռքերով կսպանեմ։ Դիահերձարան մտած հարազատներս տեսել են, որ Համլետս եւ տղաներից մի քանիսը կոշիկներով, եւ զինվորական վերարկուներով են եղել։ Իրենք ինչքա՞ն պետք է հոգնած լինեին, որ բոլորով առանց հանվելու միանգամից պառկեին քնելու։ Գոնե մի քանիսն արթուն կմնային։ Բոլորով եկել են ու միանգամից քնե՞լ։ Գուցե՝ թույնել են ու վառել, որ հետքերը վերացնեն։ Եթե ասեղը մտնում է մատդ, ցա՞վ ես չէ զգում, բա ինչպե՞ս էր հնարավոր կրակը հասներ տղաներին, մեկը չարթնանար։ Սա սարքած գործ է, ամեն օր խաբում են, խաբում, բայց էլ չեն կարող խաբել։ Հոգեհանգստի օրը եկան Պաշտպանության նախարարությունից մի քանի պաշտոնյաներ, եղբայրներս հարցեր տվեցին, չկարողացան պատասխանել, ասացին՝ քննում ենք, գնացին։ Վարչապետն արդեն ասել-հաստատել է, ի՞նչ ասեին»,- News.am-ի հետ զրույցում ասել է Համլետի հայրը՝ Սպարտակ Դավթյանը։ 

Համլետն ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել դեպքից մեկ օր առաջ՝ հունվարի 18-ին։ Զրուցել է հորեղբոր որդու՝ Դավիթի հետ։ 

«Մի քանի օրից հարազատ եղբորս բանակի քեֆը պետք է լիներ, ասացի՝ կկարողանա՞ս մասնակցել, ասաց՝ սպասիր, տեսնենք՝ ինչ է գալիս մեր գլուխը։ Ոնց որ ինչ-որ բան զգար, վերջին մի քանի օրերին միշտ տխուր էր։ Նախորդ օրն էլ իրենց հեռախոսներն էին հավաքել»,- պատմել է Դավիթ Դավթյանը։ 

Համլետի թե հայրը, թե հորեղբոր որդին նշում են՝ զինակից ընկերների հետ Համլետը շատ ընկերական հարաբերություններ է ունեցել, խնդիրներ չեն եղել։ Ընտանիքը Համլետին այցելության գնալու ընթացքում կացարան չի մտել, բայց իմացել են, որ տղաները նվազագույն պայմաններից զուրկ են։ Այցելության ընթացքում Համլետի հայրը չի տեսել այն կապիտանին, որի անզգուշության հետեւանքով է, ըստ պաշտոնական վարկածի, տեղի ունեցել ողբերգությունը։ 

«Կապիտանի մասին մեզ հետ չի խոսել։ Տղաներից էլ չի բողոքել, սիրում էր նրանց։ Իրենք վատ պայմաններում են եղել, լողանալու համար ջուրը դրսից են բերել։ Գազ չեն ունեցել, վառարանով են տաքացել, որի համար փայտն էլ սեփական ձեռքերով են հավաքել ու կտրել»,- նշել է Դավիթը։ 

Համլետի հայրը կարծում է՝ եթե կացարանը ճաղավանդակներ չունենար, տղաները գուցե կարողանային ձեռքերով կոտրել ապակին, ու գոնե մի քանիսը կփրկվեին։ 

«Սեպտեմբերյան մարտերից հետո, երբ որդուս զորամասը պայթեցրել էին, իրենք տեղափոխվել էին այդ կացարան, բայց դա կացարան չէր, գոմ էր։ Տղաներն իրար հետ էին ամեն ինչ անում այդտեղի համար»,— ասել է Համլետի հայրը։ 

Համլետի մայրը՝ Լուսինեն, 2018 թվականին է մահացել, ավագ քույրերն ամուսնացած են։  Հիմա Մարտունի քաղաքի իրենց տանը միայնակ է մնացել Համլետի 52-ամյա հայրը, որը որդու վերադարձի հետ շատ նպատակներ էր կապում։ 

«Իմ որդին շատ համեստ, բարի, լուսավոր տղա էր։ Իր նպատակն ուղղակի ապրելն էր, կյանքը շարունակելը։ Պատկերացնում էի, որ տղաս գալու է, սովորելու է, լավ ծրագրավորող է դառնալու, սիրահարվելու է, ամուսնանալու, թոռներիս եմ մեծացնելու։ Իսկ հիմա տանս բան չի մնացել, դատարկ է։ Տունս քանդվավ։ Եթե հիմա սրտիս դանակով խփեք, արյուն չի գա․․․»-, ասել է Սպարտակ Դավթյանը։ 

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նշենք, որ ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած Ռոստոմ Ասրյանի ծնողները նույնպես չեն հավատում տղաների մահվան պաշտոնական վարկածին։

Ռոստոմի հայրը` Արտակը, պատմել է, որ դաջվածքներից է ճանաչել որդուն, ԴՆԹ փորձանմուշ է հանձնել, ինչպես կարգն է պահանջում։ 


«Հինգ դաջվածքից չորսը երևում էին։ Եթե դաջվածքները չլինեին, չէի ճանաչի։ Երեխեն անճանաչելի էր։ Նրանք քնած են եղել։ Տեղից վեր չեն կացել։ Նրանց քնած տեղն են վերացրել։ Իրենց թունավորել են, իրենք մահացած են եղել, նոր բենզինը լցրել են»,– նշել է նա։ 


Իսկ Ռոստոմի մայրը` Վարդ Ասրյանը, ասել է, որ իրենք էլ են կարծում, որ երեխաները քնած են եղել, բայց չեն հավատում բենզին լցնելու վարկածին։

Հիշեցնենք, որ Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել էր, որ հունվարի 19-ին ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի ժամանակ ներսում եղել է 21 հոգի, որոնցից 14-ին հայտնաբերել են մահճակալներին պառկած։ 

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*


Яндекс.Метрика